ԶԱՔԱՐԻԱ10
  • 1Խնդրեցէք Տէրից անձրեւ ետքի անձրեւի ժամանակին. Տէրը կայծակներ է շինում, եւ անձրեւ ու տարափ կ’տայ նորանց. Ամեն մէկին խոտ՝ իր ագարակումը։
  • 2Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չ’կայ։
  • 3Հովիւների վերայ բորբոքուեցաւ իմ բարկութիւնը, եւ նոխազներին պիտի այցելեմ, որովհետեւ Զօրաց Տէրը այցելեց իր հօտը՝ Յուդայի տունը, եւ նորանց շինեց ինչպէս իր փառաւոր երիվարը պատերազմի մէջ։
  • 4Նորանից է անկիւնաքարը, նորանից է բեւեռը, նորանից է պատերազմի աղեղը, նորանից է դուրս գալիս ամեն զօրավար մէկտեղ։
  • 5Եւ պիտի լինեն տղամարդկանց պէս, որ կոխ են տալիս պատերազմումը փողոցների ցեխի մէջ, եւ պիտի պատերազմեն, որովհետեւ Տէրը նորանց հետ է, եւ պիտի ամաչեն ձիանք հեծնողները։
  • 6Եւ ես պիտի քաջացնեմ Յուդայի տունը, եւ փրկեմ Յովսէփի տունը, եւ նորանց պիտի բնակեցնեմ, որովհետեւ նորանց ողորմել եմ. Եւ նորանք պիտի լինեն իբր թէ ես նորանց չէի մերժել, որովհետեւ ես եմ նորանց Տէր Աստուածը, եւ նորանց պիտի լսեմ։
  • 7Եւ զօրաւորի պէս պիտի լինի Եփրեմը, եւ նորանց սիրտը պիտի ուրախանայ իբր թէ գինիով, եւ նորանց որդիքն էլ պիտի տեսնեն եւ ուրախանան. Նորանց սիրտը պիտի ցնծայ Տէրովը։
  • 8Ես նորանց պիտի սուլեմ եւ նորանց ժողովեմ, որովհետեւ ես փրկել եմ նորանց, եւ նորանք պիտի շատանան ինչպէս որ շատ էին։
  • 9Թէեւ ես նորանց ցանեմ ազգերի մէջ, բայց նորանք հեռու տեղերում էլ պիտի յիշեն ինձ, եւ պիտի ապրեն իրանց որդկանց հետ եւ ետ դառնան։
  • 10Եւ ես նորանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրիցը, եւ Ասորեստանից պիտի ժողովեմ նորանց. Եւ նորանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը ու Լիբանանը, եւ տեղ չ’պիտի գտնուի նորանց համար։
  • 11Եւ նա պիտի անց կենայ նեղութեան ծովովը, եւ պիտի զարկէ ծովումը ալիքներին, եւ պիտի չորանան գետի բոլոր խորութիւնները, եւ պիտի իջեցնուի Ասորեստանի հպարտութիւնը, եւ Եգիպտոսի գաւազանը պիտի հեռանայ։
  • 12Եւ նորանց պիտի զօրացնեմ Տէրովը, եւ նորանք ման պիտի գան նորա անունովը, ասում է Տէրը։
← Ցանկ