ՄԱՏԹԵՈՍ24
  • 1Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։
  • 2Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. Ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։
  • 3Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կ’լինի. Եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։
  • 4Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։
  • 5Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։
  • 6Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։
  • 7Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարաժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։
  • 8Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
  • 9Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։
  • 10Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։
  • 11Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։
  • 12Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։
  • 13Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։
  • 14Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։
  • 15Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. Կարդացողը մտածէ.
  • 16Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։
  • 17Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։
  • 18Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու։
  • 19Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։
  • 20Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։
  • 21Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։
  • 22Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։
  • 23Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. Չ’հաւատաք։
  • 24Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։
  • 25Ահա առաջուց ասեցի ձեզ։
  • 26Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չ’գնաք. Ահա ներսի սենեակումն է. Չ’հաւատաք։
  • 27Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։
  • 28Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կ’հաւաքուին արծիւները։
  • 29Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։
  • 30Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։
  • 31Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
  • 32Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։
  • 34Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։
  • 35Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։
  • 36Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։
  • 37Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։
  • 38Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.
  • 39Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։
  • 40Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։
  • 41Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։
  • 42Արդ՝ արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։
  • 43Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։
  • 44Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
  • 45Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։
  • 46Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։
  • 47Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ։
  • 48Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է.
  • 49Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել.
  • 50Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ.
  • 51Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
← Ցանկ