ՄԱՏԹԵՈՍ24
- 1Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։
- 2Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. Ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։
- 3Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կ’լինի. Եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։
- 4Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։
- 5Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։
- 6Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։
- 7Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարաժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։
- 8Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
- 9Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։
- 10Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։
- 11Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։
- 12Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։
- 13Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։
- 14Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։
- 15Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. Կարդացողը մտածէ.
- 16Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։
- 17Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։
- 18Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու։
- 19Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։
- 20Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։
- 21Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։
- 22Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։
- 23Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. Չ’հաւատաք։
- 24Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։
- 25Ահա առաջուց ասեցի ձեզ։
- 26Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չ’գնաք. Ահա ներսի սենեակումն է. Չ’հաւատաք։
- 27Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։
- 28Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կ’հաւաքուին արծիւները։
- 29Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։
- 30Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։
- 31Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
- 32Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։
- 33Այսպէս էլ դուք. Երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։
- 34Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։
- 35Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։
- 36Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։
- 37Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։
- 38Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.
- 39Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։
- 40Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։
- 41Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։
- 42Արդ՝ արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։
- 43Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։
- 44Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
- 45Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։
- 46Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։
- 47Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ։
- 48Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է.
- 49Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել.
- 50Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ.
- 51Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
