ՄԱՏԹԵՈՍ28
  • 1Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։
  • 2Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։
  • 3Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։
  • 4Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։
  • 5Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։
  • 6Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։
  • 7Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։
  • 8Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. Եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։
  • 9Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։
  • 10Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. Գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ։
  • 11Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։
  • 12Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին,
  • 13Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։
  • 14Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կ’համոզենք նորան եւ ձեզ անհոգ կ’անենք։
  • 15Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. Եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։
  • 17Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։
  • 18Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.
  • 19Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.
  • 20Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
← Ցանկ