Հատված «Ես կշարժեմ ամեն բան» վիդեոուսուցումից

Եսայա 24-ը գլուխ է: Եկե՛ք կարդանք առաջին վեց համարները, այնուհետև մի քիչ այն կողմ.

«Ահա Տերը դատարկում է երկիրը և նրան քարուքանդ անում և փոխում է նրա կերպարանքը և ցրում էլ նրա բնակիչներին: Եվ կլինի, ինչպես որ ժողովրդին, այնպես էլ քահանային, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես ծախու առնողին, այնպես էլ ծախողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջն, այնպես էլ պարտականին»:

Աստված շատ յուրահատուկ է: Չի լինի որևէ մեկը, որ կազատվի սրանից: Հաճախ մենք հակված ենք մտածելու, որ հարստությունը կամ սոցիալական դիրքը կարող են անվտանգություն ապահովել: Բայց այստեղ Եսայան մեզ որևէ նման բան չի ասում: Տերը լինելու է միևնույն կարգավիճակում, ինչ ծառան, տիրուհին՝ ինչպես աղախինը, պարտատերն՝ ինչպես փոխ առնողը: Ֆինանսական անվտանգության ոչ տարբերակ արդյունավետ չի լինի:

Այնուհետև, նա շարունակում է 3-րդ համարում.

«Երկիրը դատարկվելու, դատարկ է լինելու և կողոպտվելով կողոպուտ է դառնալու, որովհետև Տերն է խոսել այս խոսքը: Տխրում, տրտմում է երկիրը, նվաղում և տրտմում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները: Եվ երկիրը պղծված է իր բնակիչների տակին, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանքը՝ փոխել, հավիտենական ուխտը՝ խափանել: Դրա համար անեծքը թափել է երկիրը, և բնակիչները նրանով պատիժ կրեցին. այս պատճառով երկրի բնակիչներն այրվեցին, և քիչ մարդիկ մնացին»:

Աստված երեք պատճառ է տալիս, թե ինչու է սա տեղի ունենալու՝ կապված երկրի բնակիչների հետ: Նրանք զանց են արել օրենքը, փոխել են պատվիրանքը, խափանել են հավիտենական ուխտը: Հիմա, սրանք կարելի է տարբեր կերպ մեկնել, բայց ինպես ես եմ մտածում, կան որոշ օրենքներ, որոնք Աստված հաստատել է մարդկության համար, որոնք երբեք չեն փոխվի Իր կողմից:

Երբ Աստված ուխտ արեց Նոյի և նրա բոլոր ժառանգների հետ, բաներից մեկը, որ Նա ասաց, այն էր, որ ով որ մարդու արյուն թափի, մարդու ձեռքով էլ իր արյունը կթափվի։ Դա Տիրոջ հավիտենական հրամանագիրն է։ Ոչ մի կառավարություն, մարդկային իրավական ոչ մի համակարգ չեն կարող մի կողմ դնել այդ օրենքը:

Այնուհետև ասվում է, որ նրանք փոխել են պատվիրանքը։ Այլ բառերով ասած՝ հավատում եմ, որ սա նշանակում է, որ նրանք փոխել են այն ապրելակերպը, որն Աստված է հաստատել մարդկության համար։ Եվ առաջին հերթին՝ դա ընտանիքն է։ Ընտանիքի կառույցը Աստվածաշնչում հիմնված չէ մշակույթի վրա։ Այն հիմնված է անձամբ Աստծո հավիտենական բնության վրա։ Աստված Քրիստոսի գլուխն է։ Քրիստոսը տղամարդու գլուխն է, տղամարդը կնոջ գլուխն է։ Սա սկիզբ է առնում անձամբ Աստծուց։ Եվ այն կանայք, ովքեր զգում են, որ անարդարացի է ենթակա դիրքում գտնվել, թող հիշեն, որ Հիսուսը Հոր նկատմամբ ենթակա դիրքում է։ Եվ ավելի վաղ ես ասացի, որ այդ կարգը փոխելը ընդհանուր առմամբ խարխլել է հասարակության կայունությունը։ Եվ կան պրոֆեսիոնալ սոցիոլոգներ և ուրիշներ, ովքեր լուրջ մտավախություն են հայտնել, թե արդյո՞ք հասարակությունը կարող է գոյատևել, երբ ընտանիքի հաստատությունը քանդվել է։

Եվ այնուհետև երրորդ մեղադրանքը մարդկության հանդեպ այն է, որ մենք խափանել ենք հավիտենական ուխտը։ Դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց ինձ համար հավիտենական ուխտը այն ուխտն է, որն Աստված կնքել է տղամարդկանց և կանանց հետ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ երբ մենք խափանում ենք ուխտը և խախտում դրա պահանջները, մենք անխուսափելիորեն ենթակա ենք դառնում Աստծո դատաստանին։

Երբ ես նայում եմ ինձ շրջապատող աշխարհին և Բրիտանիային, և ես մեծացել եմ այս երկրում երկու համաշխարհային պատերազմների միջակայքում, և ավելի երկար ժամանակ եմ հետևել և դիտարկել աշխարհը, քան ձեզանից շատերը, թեպետ ոչ բոլորը, ես տեսել եմ, թե ինչպես է այս բաներից յուրաքանչյուրը տեղի ունենում իմ աչքերի առջև։ Ես տեսել եմ, թե ինչպես է հասարակության ամբողջ կառուցվածքը և բնույթը ամբողջովին փոխվում։ Եթե այն բաները, որ այսօր արվում են և նորմալ ընդունվում, արվեին վաթսուն տարի առաջ, ապա իրարանցում կբարձրանար։ Որոշ բաներ, որ ցուցադրվում են հեռուստատեսությամբ, աղմուկ կբարձրացնեին վաթսուն տարի առաջ։ Դուք երևի գիտեք գորտի մասին առակը, որը ես ինչ-որ մեկից լսել եմ։ Եթե դուք գորտին կաթսայի մեջ դնեք և եռացրած ջուր լցնեք մեջը, գորտը դուրս կթռչի։ Բայց եթե դուք գորտին դնեք սառը ջրով կաթսայի մեջ և աստիճանաբար տաքացնեք այն, ապա գորտը դրա մեջ կմնա, մինչև կսատկի։ Ահա թե ինչպես է սատանան վարվել մեզ հետ։ Նա անմիջապես եռացրած ջուր չի լցրել, այլ աստիճանաբար տաքացրել է ջուրը, մինչև մենք պատրաստ լինենք մեռնելու։