ՆԵԵՄԻԱ13
  • 1Այն օրը կարդացուեցաւ Մովսէսի գրքիցը ժողովրդի ականջներին, եւ նորանում գրուած գտնուեցաւ, որ յաւիտեան պիտի Ամմոնացի եւ Մովաբացի չ’մտնէ Աստուծոյ ժողովքի մէջ.
  • 2Որովհետեւ չ’դիմաւորեցին Իսրայէլի որդկանցը հացով եւ ջրով, այլ Բաղաամին վարձեցին նորա դէմ որ նորան անիծէ, բայց մեր Աստուածը անէծքը դարձրեց օրհնութեան։
  • 4Եւ սորանից առաջ մեր Աստուծոյ տան սենեակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,
  • 5նորա համար մի մեծ սենեակ էր շինել, ուր որ առաջ դնում էին հացի նուէրները, կնդրուկը եւ անօթները, եւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդները՝ Ղեւտացիների, երգեցողների եւ դռնապանների բաժինը, նաեւ քահանաների ընծաները։
  • 6Այս ամենի ժամանակին ես Երուսաղէմումը չէի, որովհետեւ ես Բաբիլոնի Արտաշէս թագաւորի երեսունեւերկրորդ տարին գնացել էի թագաւորի մօտ, եւ մի քանի ժամանակից յետոյ կրկին հրաման առայ թագաւորից,
  • 7Եւ եկայ Երուսաղէմ ու իմացայ Եղիասիբի արած չարութիւնը Տուբիայի նկատմամբ, որ նորա համար մի սենեակ էր շինել Աստուծոյ տան գաւիթումը.
  • 8Եւ ես շատ զայրացայ, եւ դուրս տուի Տուբիայի տան բոլոր կարասիքը այն սենեակից,
  • 9Եւ հրամայեցի որ մաքրեն սենեակները, եւ դարձեալ այնտեղ տարի Աստուծոյ տան անօթները եւ հացի ընծան ու կնդրուկը։
  • 10Նաեւ իմացայ, որ Ղեւտացիների բաժինները չէին տրուել, եւ որ Ղեւտացիները եւ սպասաւորութիւնն անող երգեցողները փախել էին իրանց ագարակները։
  • 11Եւ ես վիճեցի ոստիկանների հետ եւ ասեցի. Ի՞նչու է Աստուծոյ տունը թողուած. Եւ ես Ղևտացիներին ժողովեցի եւ նորանց հաստատեցի իրանց տեղը։
  • 12Եւ բոլոր Յուդան բերաւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդը գանձատունը։
  • 13Եւ ես գանձատունների վերայ գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային եւ Սադովկ դպրին եւ Ղեւտացիներից Փադայիային, եւ նորանց օգնական՝ Մաթանիայի որդիի Զաքուրի որդի Անանին. Որովհետեւ նորանք հաւատարիմ էին համարվում, եւ նորանց գործն էր որ իրանց եղբայրներին բաժին տան։
  • 14Ով Աստուած իմ, յիշիր ինձ սորա համար, եւ մի ջնջիր իմ բարեգործութիւնները որ արի իմ Աստուծոյ տանը եւ նորա ծառայութիւնումը։
  • 15Այն օրերը տեսայ որ Հրէաստանում շաբաթ օրը խաղող էին կոխում եւ խուրձերը բերում էշերին բեռնում էին, նաեւ գինի, խաղող եւ թուզ եւ ամեն տեսակ բեռ, եւ բերում էին Երուսաղէմ շաբաթ օրը. Եւ ես յանդիմանեցի նորանց իրանց ուտելիք ծախած օրը։
  • 16Եւ նորա մէջ բնակող Տիւրացիները ձուկ եւ ամեն տեսակ ապրանք էին բերում եւ շաբաթ օրը ծախում Յուդայի որդիներին եւ Երուսաղէմումը։
  • 17Եւ ես կռիւ արի Յուդայի ազնուականների հետ եւ ասեցի նորանց. Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում էք եւ շաբաթ օրը պղծում էք։
  • 18Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով։
  • 19Եւ երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը՝ շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները գոցեն, եւ հրամայեցի որ նորանց չ’բանան մինչեւ շաբաթ օրուայ վերջը. Եւ իմ ծառաներից դրի դռների վերայ, որ բեռ ներս չ’մտնէ շաբաթ օրը։
  • 20Եւ վաճառականները եւ ամեն տեսակ ապրանք ծախողները մէկ եւ երկու անգամ գիշերը Երուսաղէմի դրսումը մնացին։
  • 21Եւ ես նորանց յանդիմանեցի ասելով. Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում. Եթէ մէկ անգամ էլ այդպէս անէք, ես ձեռք կ’բարձրացնեմ ձեզ վերայ. Այն ժամանակից հետէ այլ եւս չ’եկան շաբաթ օրը։
  • 22Եւ Ղեւտացիներին հրամայեցի որ սրբուին ու գան դռներումը պահապանութիւն անեն, շաբաթ օրը սրբելու համար. Սա էլ յիշիր ինձ համար, ով իմ Աստուած, եւ ինձ ողորմիր քո մեծ ողորմութեան համեմատ։
  • 23Նաեւ այն օրերը տեսայ որ Հրէաները Ազովտացի, Ամմոնացի, Մովաբացի կիներ էին առել.
  • 24Եւ նորանց որդկանցից կէսը խօսում էր Ազովտացիների լեզուն, բայց Հրէարէն խօսել չ’գիտէին. Եւ խօսում էին այս եւ այն ազգի լեզուովը։
  • 25Եւ ես նորանց հետ կռիւ արի եւ նորանց նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը փետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով, թէ Ձեր աղջիկները նորանց որդկանցը չ’տաք, եւ նորանց աղջիկներից չ’առնէք ձեր որդկանց համար եւ ձեզ համար։
  • 26Չէ՞ որ սորանով մեղանչեց Իսրայէլի Սողոմոն թագաւորը, թէեւ շատ ազգերում նորա նման թագաւոր չ’կար, եւ սիրելի էր իր Աստուծուն, եւ Աստուած նորան բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել, սակայն օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին։
  • 27Եւ ձեզ նկատմամբ սա լսուելու բան է՞, որ այս մեծ չարութիւնը անէք եւ Աստուծոյ դէմ ապստամբուէք օտարազգի կիներ առնելով։
  • 28Եւ մեծ քահանայ Եղիասիբի որդի Յովիադայի որդկանցից մէկը Որոնացի Սանաբաղատի փեսան էր. Եւ նորան դուրս արի իմ կշտից։
  • 29Ով իմ Աստուած, նորանց յիշիր, որ պղծեցին քահանայութիւնը եւ քահանայութեան եւ Ղեւտացիների ուխտը։
  • 30Եւ այսպէս նորանց մաքրեցի բոլոր օտարազգիներից, եւ քահանաների ու Ղեւտացիների համար պաշտօնները նշանակեցի՝ ամեն մարդի համար իր գործը.
  • 31Նաեւ փայտի ընծան իր որոշուած ժամանակներին եւ երախայրիքը։ Ով Աստուած իմ, յիշիր ինձ ի բարին։
← Ցանկ