ԵԶԵԿԻԵԼ47
  • 1Եւ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. Որովհետեւ տան երեսը դէպի արեւելքն էր. Եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։
  • 2Եւ ինձ դուրս տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը եւ շուռ ածեց դուրսի ճանապարհովը դէպի դուրսի դուռը դէպի արեւելք նայող ճանապարհովը. Եւ ահա ջրեր էին բղխում աջ կողքիցը։
  • 3Մարդը դէպի արեւելք դուրս գնալիս մի լար ունէր ձեռքին, եւ հազար կանգուն չափեց, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչեւ գարշապարներս էին։
  • 4Եւ նա չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչ ծունկերս էին, եւ չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց. Ջրերը մինչեւ մէջքս էին։
  • 5Եւ չափեց հազար էլ. Մի գետ որով չ’կարողացայ անց կենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անց կենալ։
  • 7Եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից։
  • 8Եւ ինձ ասեց. Այս ջրերը դուրս են գալիս դէպի արեւելեան գաւառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը. Դուրս են տարվում ծովը, որ առողջանան նորա ջրերը։
  • 9Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի. Որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանան ուր որ գետը գնայ։
  • 10Եւ պիտի լինի որ նորա վերայ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդիից մինչեւ Ենեգլայիմ ուռկաններ փռելու տեղ պիտի լինի. Նորանց ձկները ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չափ խիստ շատ են լինելու։
  • 11Նորա տիղմերը եւ նորա ճահիճները չեն բժշկուելու, աղի համար պիտի մնան։
  • 12Եւ գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ. Ամեն ամիս նորից պտուղ պիտի տայ, որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. Եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար։
  • 13Այսպէս է ասում Տէր Եհովան. Սա է այն երկրի սահմանը, որը պիտի ժառանգէք Իսրայէլի տասնեւերկու ցեղերին համեմատ. Յովսէփին երկու բաժին։
  • 14Եւ նորան ամեն մարդ իր ընկերին պէս պիտի ժառանգէ, որի համար իմ ձեռքը երդմամբ բարձրացրի որ տամ ձեր հայրերին. Եւ այս երկիրը ձեզ պիտի ընկնէ իբրեւ ժառանգութիւն։
  • 15Եւ սա է երկրի սահմանը. Դէպի հիւսիսային կողմը մեծ ծովից Եթլոնի ճանապարհը մինչեւ Սեդադ։
  • 16Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի եւ Եմաթի սահմանի մէջտեղն է, միջի Ասերը որ Աւրանի սահմանն է։
  • 17Եւ սահմանը լինի ծովից Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը, եւ հիւսիսի նկատմամբ դէպի հիւսիս եւ Եմաթի սահմանը. Սա է հիւսիսային կողմը։
  • 18Եւ արեւելեան կողմը Աւրանի միջից՝ եւ Դամասկոսի միջից եւ Գաղաադի միջից եւ Իսրայէլի երկրի միջից՝ Յորդանանը. Սահմանիցը չափեցէք մինչեւ արեւելեան ծովը. Սա է արեւելեան կողմը։
  • 19Եւ հարաւային կողմը դէպի հարաւ Թամարից մինչեւ Կադէսի Վիճաբանութեան ջրերը. Հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը. Եւ դէպի հարաւային կողմը՝ սա է հարաւը։
  • 20Եւ արեւմտեան կողմը՝ Մեծ ծովը սահմանիցը մինչեւ Եմաթի դիմացը. Սա է արեւմտեան կողմը։
  • 21Եւ բաժանեցէք այս երկիրը ձեզ համար Իսրայէլի ցեղերի վերայ.
  • 22Եւ պիտի լինի որ վիճակով պիտի բաժանէք նորան ձեզ համար եւ ձեր միջումը պանդխտացող օտարականների համար, որոնք ձեր մէջ որդիք են ծնել, եւ նորանք ձեզ համար բնակների պէս պիտի լինեն Իսրայէլի որդկանց մէջ. Նորանք ձեզ հետ պիտի ժառանգեն Իսրայէլի ցեղերի մէջ։
  • 23Եւ ո՛ր ցեղի մէջ որ օտարականը պանդխտացել է, այնտեղ պիտի տաք նորա ժառանգութիւնը, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ