ԶԱՔԱՐԻԱ12
  • 1Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին. Ասում է Տէրը, որ տարածում է երկինքը եւ հիմնում է երկիրը եւ ստեղծում է մարդի հոգին նորա միջումը.
  • 2Ահա ես Երուսաղէմը թմրութեան բաժակ եմ շինելու բոլոր շրջակայ ազգերի համար, եւ Յուդայի վերայ էլ պիտի լինի Երուսաղէմի պաշարման ժամանակին։
  • 3Եւ պիտի լինի որ այն օրը ես Երուսաղէմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար. Ամեն նորա բարձրացնողները պիտի անպատճառ ջարդուին, եւ նորա վերայ պիտի ժողովուին երկրի բոլոր ազգերը։
  • 4Այն օրը, ասում է Տէրը, պիտի ամեն ձի զարկեմ սոսկումով, եւ նորա հեծեալին՝ գիժութիւնով, իսկ Յուդայի տան վերայ պիտի բանամ աչքերս, եւ ժողովուրդների բոլոր ձիերը պիտի զարկեմ կուրութիւնով։
  • 5Եւ Յուդայի տոհմապետները պիտի ասեն իրանց սրտումը. Ինձ համար զօրութիւն են Երուսաղէմի բնակիչները իրանց Զօրաց Տէր Աստուծովը։
  • 6Այն օրը ես Յուդայի տոհմապետներին պիտի շինեմ կրակի վառարանի պէս փայտերի մէջ, եւ կրակի ջահի պէս՝ որաների մէջ, եւ նորանք պիտի ուտեն աջ ու ձախ բոլոր շրջակայ ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ իր տեղը պիտի բնակուէ՝ Երուսաղէմումը։
  • 7Եւ Տէրը պիտի փրկէ առաջ Յուդայի վրանները, որպէս զի չ’հպարտանայ Դաւիթի տան պարծանքը, եւ Երուսաղէմի բնակչի պարծանքը՝ Յուդայի վերայ։
  • 8Այն օրը Տէրը պիտի պաշտպանէ Երուսաղէմումը բնակողին, եւ նորանց միջի դիւրագայթոտը այն օրը Դաւիթի պէս պիտի լինի, եւ Դաւիթի տունը՝ Աստուծոյ պէս, Տիրոջ հրեշտակին պէս նորանց առաջին։
  • 9Եւ պիտի լինի այն օրը որ ես պիտի ջանամ փչացնելու այն բոլոր ազգերը, որոնք կ’գան Երուսաղէմի վերայ։
  • 10Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. Եւ սուգ պիտի անեն նորա վերայ միամօրի սուգի պէս. Եւ պիտի ցաւեն նորա վերայ, ինչպէս որ անդրանկի վերայ կ’ցաւեն։
  • 11Այն օրը սուգը մեծ պիտի լինի Երուսաղէմումը, ինչպէս Ադադ-ռիմմօնի սուգը Մակեդդովի դաշտումը։
  • 12Եւ երկիրը պիտի սուգ անէ, ամեն մի ազգատոհմ առանձին. Դաւիթի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին, Նաթանի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին.
  • 13Ղեւիի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին, Սէմէիի ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին։
  • 14Բոլոր մնացեալ ազգատոհմները ամեն մէկն առանձին, եւ նորանց կանայքն առանձին։
← Ցանկ