ԶԱՔԱՐԻԱ11
  • 1Բաց արա դռներդ, ով Լիբանան, եւ կրակը լափէ քո եղեւինները։
  • 2Թող ողբայ մայր ծառը, որովհետեւ ընկել է եղեւինը, որովհետեւ ազնուականները կողոպտուել են. Թող ողբան Բասանի կաղնիները, որովհետեւ իջել է անմատչելի անտառը։
  • 3Հովիւների ողբալու ձայնը գալիս է, որովհետեւ կողոպտուել է նորանց փառքը, գալիս է կորիւնների մռնչելու ձայնը, որովհետեւ կողոպտուել է Յորդանանի շքեղութիւնը։
  • 4Այսպէս է ասում իմ Տէր Աստուածը.
  • 5Արածացրու մորթուելու հօտը, որոնց առնողները մորթում են ու յանցաւոր չեն. Եւ որոնց ծախողները ասում են. Օրհնեալ լինի Տէրը որ հարստացայ. Եւ նորանց հովիւները չեն գթալու նորանց վերայ։
  • 6Որովհետեւ այլ եւս չեմ գթալու երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը, եւ ահա ես մարդկանց իրար ձեռը պիտի գցեմ եւ իր թագաւորի ձեռը, եւ նորանք պիտի զարկեն երկիրը, եւ պիտի չ’փրկեմ նորանց ձեռիցը։
  • 7Եւ ես արածեցրի այն մորթուելու հօտը, այսինքն հօտի թշուառները, եւ ես երկու գաւազան առայ, մէկին կոչեցի Գեղեցկութիւն եւ միւսին կոչեցի Կապեր, եւ արածեցրի հօտը։
  • 8Եւ փչացրի երեք հովիւներին մէկ ամսում, որովհետեւ սիրտս վրդովուել է նորանց վերայ, եւ նորանց սիրտերն էլ ինձանից էին զզուել։
  • 9Եւ ես ասեցի. Ձեզ չեմ հովուելու, մեռնողը թող մեռնէ, եւ փչանողը փչանայ. Եւ մնացածները թող մէկզմէկի միս ուտեն։
  • 10Եւ ես վեր առայ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, եւ կոտրեցի նորան, որ ցրեմ իմ ուխտը, որ արել եմ բոլոր ազգերի հետ։
  • 11Եւ նա քանդուեցաւ նոյն օրը, եւ այսպէս ճանաչեցին հօտի խեղճերը, որ սպասում էին ինձ, թէ սա Տիրոջ խօսքն է։
  • 12Եւ ես նորանց ասեցի. Եթէ հաճելի է ձեր աչքին, տուէք իմ վարձքը, իսկ եթէ ոչ, թող տուէք. Եւ նորանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։
  • 13Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. Եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ։
  • 14Եւ կոտրեցի իմ երկրորդ գաւազանը՝ Կապերը. Որ քանդեմ Յուդայի եւ Իսրայէլի միջի եղբայրութիւնը։
  • 15Եւ Տէրն ասեց ինձ. Էլի քեզ համար յիմար հովիւի գործիքներ առ։
  • 16Որովհետեւ ահա ես երկրի վերայ մի հովիւ եմ յարուցանելու, նա կորչողին պիտի չ’այցելէ, եւ ցրուածը պիտի չ’որոնէ, եւ կոտրածը պիտի չ’բժշկէ, կանգնածին պիտի չ’խնամէ, այլ գէրերի միսը պիտի ուտէ եւ նորանց կճղակները փշրէ։
  • 17Վա՜յ փուչ հովիւին, որ ձգում է հօտը. Սո՜ւրը նորա բազուկի վերայ եւ նորա աջ աչքի վերայ. Նորա բազուկը պիտի անպատճառ չորանայ, եւ նորա աջ աչքը պիտի անպատճառ խաւարուի։
← Ցանկ