ԶԱՔԱՐԻԱ10
  • 1Խնդրեցէք Տէրից անձրեւ ետքի անձրեւի ժամանակին. Տէրը կայծակներ է շինում, եւ անձրեւ ու տարափ կ’տայ նորանց. Ամեն մէկին խոտ՝ իր ագարակումը։
  • 2Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չ’կայ։
  • 3Հովիւների վերայ բորբոքուեցաւ իմ բարկութիւնը, եւ նոխազներին պիտի այցելեմ, որովհետեւ Զօրաց Տէրը այցելեց իր հօտը՝ Յուդայի տունը, եւ նորանց շինեց ինչպէս իր փառաւոր երիվարը պատերազմի մէջ։
  • 4Նորանից է անկիւնաքարը, նորանից է բեւեռը, նորանից է պատերազմի աղեղը, նորանից է դուրս գալիս ամեն զօրավար մէկտեղ։
  • 5Եւ պիտի լինեն տղամարդկանց պէս, որ կոխ են տալիս պատերազմումը փողոցների ցեխի մէջ, եւ պիտի պատերազմեն, որովհետեւ Տէրը նորանց հետ է, եւ պիտի ամաչեն ձիանք հեծնողները։
  • 7Եւ զօրաւորի պէս պիտի լինի Եփրեմը, եւ նորանց սիրտը պիտի ուրախանայ իբր թէ գինիով, եւ նորանց որդիքն էլ պիտի տեսնեն եւ ուրախանան. Նորանց սիրտը պիտի ցնծայ Տէրովը։
  • 8Ես նորանց պիտի սուլեմ եւ նորանց ժողովեմ, որովհետեւ ես փրկել եմ նորանց, եւ նորանք պիտի շատանան ինչպէս որ շատ էին։
  • 9Թէեւ ես նորանց ցանեմ ազգերի մէջ, բայց նորանք հեռու տեղերում էլ պիտի յիշեն ինձ, եւ պիտի ապրեն իրանց որդկանց հետ եւ ետ դառնան։
  • 10Եւ ես նորանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրիցը, եւ Ասորեստանից պիտի ժողովեմ նորանց. Եւ նորանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը ու Լիբանանը, եւ տեղ չ’պիտի գտնուի նորանց համար։
  • 11Եւ նա պիտի անց կենայ նեղութեան ծովովը, եւ պիտի զարկէ ծովումը ալիքներին, եւ պիտի չորանան գետի բոլոր խորութիւնները, եւ պիտի իջեցնուի Ասորեստանի հպարտութիւնը, եւ Եգիպտոսի գաւազանը պիտի հեռանայ։
  • 12Եւ նորանց պիտի զօրացնեմ Տէրովը, եւ նորանք ման պիտի գան նորա անունովը, ասում է Տէրը։
← Ցանկ