ՄԱՏԹԵՈՍ26
  • 1Եւ եղաւ երբոր Յիսուսը այս ամեն խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց.
  • 2Գիտէք, որ երկու օրից յետոյ զատիկ կ’լինի. Եւ մարդի Որդին կ’մատնուի խաչուելու։
  • 3Այն ժամանակ քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի ծերերը ժողովուեցան այն քահանայապետի սրահը, որի անունը Կայիափա էր։
  • 4Եւ խորհուրդ արին, որ Յիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։
  • 5Բայց ասում էին, Այս տօնին ոչ, որ ժողովրդի մէջ խռովութիւն չ’լինի։
  • 6Եւ երբոր Յիսուսը Բեթանիա էր՝ Սիմօն բորոտի տանը,
  • 7Նորա մօտ մի կին եկաւ, որ մի շիշ ծանրագին իւղ ունէր, եւ նորա գլխի վերայ թափեց, երբոր նա սեղան նստած էր։
  • 8Նորա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. Ի՞նչու եղաւ այդ կորուստը.
  • 9Որովհետեւ կարող էր այդ իւղը շատի ծախուիլ եւ աղքատներին տրուիլ։
  • 10Յիսուսն էլ իմանալով ասեց նորանց. Ի՞նչու էք այդ կնոջը նեղութիւն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վերայ։
  • 11Որովհետեւ աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ. Բայց ինձ միշտ ձեզ հետ չ’ունիք։
  • 12Դա այդ իւղն իմ մարմնի վերայ թափելով, իմ թաղուելու մասին արաւ։
  • 13Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ էլ բոլոր աշխարհքի մէջ այս աւետարանը քարոզուի, կ’խօսուի նա էլ, որ դա արաւ՝ դորա յիշատակի համար։
  • 14Այն ժամանակ տասնեւերկուսից մէկը, որ Յուդա Իսկարիովտացի էր ասվում, գնաց քահանայապետների մօտ եւ ասեց.
  • 15Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տուին նորան։
  • 16Եւ նա այնուհետեւ յարմար ժամանակ էր որոնում, որ նորան մատնէ։
  • 17Եւ բաղարջակերաց առաջին օրը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին նորան, Ո՞րտեղ ես կամենում, որ քեզ համար զատիկը պատրաստենք ուտելու։
  • 18Նա էլ ասեց. Գնացէք քաղաքն՝ այսինչի մօտ, եւ ասեցէք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մօտ է. Քեզ մօտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ։
  • 19Եւ աշակերտներն արին ինչպէս Յիսուսը հրամայեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։
  • 20Եւ երբոր իրիկուն եղաւ տասնեւերկուսի հետ սեղան նստեց։
  • 21Եւ նորանք ուտելիս, ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ։
  • 22Եւ նորանց ամեն մէկը շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ, Տէր։
  • 23Նա էլ պատասխանեց եւ ասեց. Նա որ ինձ հետ իր ձեռքը սկաւառակի մէջ մտցրեց, նա կ’մատնէ ինձ։
  • 24Իրաւի մարդի Որդին կ’գնայ, ինչպէս նորա համար գրուած է. Բայց վա՜յ այն մարդին, որի ձեռով մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, թէ այն մարդը ծնուած չ’լինէր։
  • 25Յուդան էլ՝ նորա մատնողը՝ պատասխանեց եւ ասեց. Միթէ ե՞ս եմ, Վարդապետ։ Նորան ասեց, Դու ասեցիր։
  • 26Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։
  • 27Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։
  • 28Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց։
  • 29Միայն ասում եմ ձեզ, թէ Այսուհետեւ որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կ’խմեմ իմ Հօր արքայութեան մէջ։
  • 30Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։
  • 31Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. դուք ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ Ես հովիւը կ’զարկեմ՝ եւ հօտի ոչխարները կ’ցրուին։
  • 32Բայց իմ յարութիւն առնելուցը յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։
  • 33Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Թէեւ ամենքը գայթակղեն քեզանից, ես երբէք չեմ գայթակղիլ։
  • 34Յիսուսը նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ. Այս գիշեր դեռ հաւը չ’խօսած՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ։
  • 35Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. Այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։
  • 36Այն ժամանակ Յիսուսը նորանց հետ մի տեղ եկաւ՝ անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. Այդտեղ նստեցէք, մինչեւ որ ես գնամ աղօթք անեմ այնտեղ։
  • 37Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։
  • 38Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։
  • 40Եւ աշակերտների մօտ է գալիս, եւ նորանց քնի մէջ է գտնում եւ ասում է Պետրոսին. Այդպէս՝ մէկ ժամ է՞լ չ’կարացիք ինձ հետ արթուն կենալ։
  • 41Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
  • 42Դարձեալ երկրորդ անգամ Յիսուսը գնաց, աղօթք արաւ՝ եւ ասեց. Իմ Հայր, եթէ կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի։
  • 43Եւ գալով նորանց դարձեալ քնի մէջ է գտնում. Որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին։
  • 44Նորանց թողեց՝ դարձեալ գնաց, եւ երրորդ անգամ աղօթք արաւ եւ միեւնոյն խօսքն ասեց։
  • 45Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մօտ եւ նորանց ասում. Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք. Որ ահա հասել է ժամը, եւ մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։
  • 46Վեր կացէք գնանք, ահա հասաւ ինձ մատնողը։
  • 47Եւ նա տակաւին խօսում էր, ահա Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը եկաւ, եւ նորա հետ մեծ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից։
  • 48Եւ նորան մատնողը նորանց նշան էր տուել եւ ասել. Որին որ համբուրեմ՝ նա է, նորան բռնեցէք։
  • 49Եւ շուտով Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց. Բարեւ, վարդապետ. Եւ համբուրեց նորան։
  • 50Յիսուսն էլ ասեց նորան. Ընկեր, ի՞նչու համար եկար. Եւ այն ժամանակ մօտ եկան՝ Յիսուսին ձեռք ձգեցին՝ եւ բռնեցին նորան։
  • 51Եւ ահա Յիսուսի հետ լինողներից մէկը ձեռքը մեկնեց, իր սուրը հանեց, եւ քահանայապետի ծառային զարկելով ականջը կտրեց։
  • 52Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. Որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։
  • 53Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։
  • 54Բայց ի՞նչպէս կ’կատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել։
  • 55Այն ժամին Յիսուսն այն ամբոխներին ասեց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու. Ամեն օր ձեզ մօտ նստում էի եւ տաճարումը սովորեցնում էի, եւ չ’բռնեցիք ինձ։
  • 56Բայց այս ամենը եղաւ, որ մարգարէների գրքերը կատարուին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նորան թողեցին փախան։
  • 57Բայց նորանք Յիսուսին բռնեցին տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր որ դպիրները եւ ծերերը ժողովուած էին։
  • 58Պետրոսն էլ գնում էր նորա ետեւից հեռուանց մինչեւ քահանայապետի սրահը, եւ ներս մտաւ, ծառաների հետ նստեց՝ վերջը տեսնելու։
  • 59Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չ’գտան։
  • 60Եւ թէպէտ շատ սուտ վկաներ էին եկել, բայց չ’գտան. Վերջապէս երկու սուտ վկաներ առաջ եկան,
  • 61Եւ ասեցին. Սա ասեց Ես կարող եմ Աստուծոյ տաճարը քանդել՝ եւ երեք օրումը շինել նորան։
  • 62Եւ քահանայապետը վեր կացաւ նորան ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Դորանք ի՞նչ են վկայում քեզ դէմ։
  • 63Եւ Յիսուսը լուռ էր կենում։ Եւ քահանայապետը պատասխանեց եւ ասեց նորան. Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին։
  • 64Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։
  • 65Այն ժամանակ քահանայապետն իր հանդերձները պատառեց եւ ասեց թէ Հայհոյեց. Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ. Ահա հիմա դորա հայհոյանքը լսեցիք։
  • 66Ի՞նչպէս է երեւում ձեզ։ Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Մահապարտ է։
  • 67Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով.
  • 68Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։
  • 69Եւ Պետրոսը դուրսը նստած էր սրահումը, եւ մէկ աղախին եկաւ նորա մօտ եւ ասեց. Դու էլ Գալիլեացի Յիսուսի հետ էիր։
  • 70Նա էլ բոլորի առաջին ուրացաւ եւ ասեց. Ես չեմ իմանում թէ դու ինչ ես ասում։
  • 71Եւ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նորան տեսաւ եւ այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Յիսուսի հետ։
  • 72Եւ նա դարձեալ ուրացաւ երդումով, թէ Ես այն մարդին չեմ ճանաչում։
  • 73Եւ քիչ ժամանակից յետոյ այնտեղ կանգնողները եկան եւ Պետրոսին ասեցին. Ճշմարիտ՝ դու էլ նորանցից ես. Որովհետեւ քո խօսելն էլ յայտնի է անում քեզ։
  • 74Այն ժամանակ նա սկսեց անիծել եւ երդուել՝ թէ այն մարդին չեմ ճանաչում, եւ շուտով հաւը խօսեց։
  • 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի այն խօսքն, որ ասեց թէ Հաւը խօսելուց առաջ՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ դուրս գնաց դառնապէս լացաւ։
← Ցանկ