ԵԲՐԱՅԵՑԻՍ7
  • 1Որովհետեւ այս Մելքիսեդեկը Սաղէմի թագաւոր էր. Բարձրեալ Աստուծոյ քահանայ. Որ դիմաւորեց Աբրահամին, երբոր նա թագաւորների կոտորելուցն ետ էր դառնում. Եւ օրհնեց նորան՝
  • 2Որին Աբրահամ ամեն բաներից տասանորդ էլ տուաւ. Նա առաջ թարգմանվում է արդարութեան թագաւոր, եւ յետոյ Սաղէմի թագաւոր, որ է խաղաղութեան թագաւոր.
  • 3Անհայր, անմայր, առանց ազգահամարի. Որ ոչ օրերի սկիզբն ունի, եւ ոչ կեանքի վերջ. Այլ Աստուծոյ Որդու նման եղած կենում մնում է քահանայ մշտնջենաւոր։
  • 4Հիմա տեսէք թէ քանի մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդ տուաւ այն աւարիցը։
  • 5Եւ Ղեւիի որդիներիցը նորանք, որ ընդունում են քահանայութիւնը, հրաման ունին ժողովրդիցը տասանորդ առնելու օրէնքի համեմատ, այսինքն իրանց եղբայրներիցը. Թէպէտ եւ նորանք էլ Աբրահամի երանքիցն են ելած։
  • 6Բայց նա, որի ազգահամարը նորանցից չէր, տասանորդ առաւ Աբրահամիցը. Եւ օրհնեց նորան որ խոստմունքներն ունէր։
  • 7Հիմա առանց որ եւ է հակառակութեան՝ նուազը լաւագոյնիցն է օրհնվում։
  • 8Եւ այստեղ մահկանացու մարդիկ են առնում տասանորդ. բայց այնտեղ նա, որ վկայուեցաւ թէ կենդանի է։
  • 9Եւ կարելի է ասել, թէ Աբրահամի պատճառով Ղեւին էլ որ տասանորդ է առնում, տասանորդ տուաւ։
  • 10Որովհետեւ նա տակաւին իր հօր երանքումն էր, երբոր Մելքիսեդեկը նորան դիմաւորեց։
  • 11Ապա ուրեմն եթէ կատարելութիւնը Ղեւտացիների քահանայութիւնովն էր, (որովհետեւ ժողովուրդը նորա վերայ հիմնուելով օրէնքն ընդունեց), էլ ի՞նչ պէտք կայ, որ Մելքիսեդեկի կարգի պէս մի ուրիշ քահանայ վեր կենայ եւ ոչ թէ Ահարօնի կարգի պէս ասուի։
  • 12Բայց երբոր քահանայութիւնը փոխվում է, հարկ է որ օրէնքին էլ փոփոխութիւն լինի։
  • 13Որովհետեւ նա, որի համար այս բաներն ասվում են, ուրիշ ցեղի էր մասնակից, որից ոչ ոք սեղանին չ’մօտեցաւ։
  • 14Վասնզի յայտնի է, որ մեր Տէրը Յուդայի ցեղիցը ծագեց, որ այն ցեղի վերայ Մովսէսը ոչ մի բան չ’խօսեց քահանայութեան համար։
  • 15Եւ սա առաւել եւս յայտնի է, երբ Մելքիսեդեկի նմանութեան պէս ուրիշ քահանայ է վեր կենում,
  • 16Որ ոչ թէ մարմնաւոր պատուէրի օրէնքի պէս եղաւ, այլ անվախճան կեանքի զօրութեան պէս։
  • 17Ուրեմն վկայում է, թէ Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։
  • 18Վասնզի խափանումն է լինում առաջի պատուիրանքին իր տկարութեան եւ անօգուտ լինելու համար։
  • 19(Որովհետեւ օրէնքն ոչինչ կատարեալ չ’արաւ) եւ ներս է մտնում մի ազնուագոյն յոյս, որով մօտենում ենք Աստուծուն։
  • 20Եւ որքան որ առանց երդումի չէ. (որովհետեւ նորանք առանց երդումի են քահանայ եղած.
  • 21Բայց սա երդումով նորա ձեռովը որ ասեց նորան. Տէրը երդում արաւ եւ չի զղջալ, դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս.)
  • 22Այնքան աւելի ազնիւ ուխտի երաշխաւոր եղաւ Յիսուսը։
  • 23Եւ նորանք շատ քահանաներ են եղել. Նորանց միշտ մնալը մահով արգիլուելու պատճառով.
  • 24Բայց սա, որովհետեւ յաւիտեան է կենում, քահանայութիւնն ունի անանցանելի.
  • 25Ուստի եւ բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ։
  • 26Որովհետեւ այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներիցը ջոկուած եւ երկնքիցը վեր բարձրացած.
  • 27Որին ամեն օր պէտք չէ ինչպէս ուրիշ քահանայապետներին, որ առաջ իր մեղքերի համար պատարագներ մատուցանէ եւ յետոյ ժողովրդի մեղքերի համար. Որովհետեւ սա մէկ անգամ կատարեց այդ իր անձը պատարագ մատուցանելով։
  • 28Որովհետեւ օրէնքը մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարութիւն ունին. Բայց երդումի խօսքը որ օրէնքիցը յետոյ է Որդուն՝ որ յաւիտեան կատարեալ է։
← Ցանկ