ԵԲՐԱՅԵՑԻՍ8
  • 1Եւ ասածներիս բովանդակութիւնը սա է. Մենք այնպիսի քահանայապետ ունինք, որ Մեծափառութեան աթոռի աջ կողմը նստեց երկնքումը.
  • 2Պաշտօնեայ սրբութիւններին եւ ճշմարիտ խորանին, որն որ Տէրը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդ։
  • 3Որովհետեւ ամեն քահանայապետ ընծաներ եւ պատարագներ մատուցանելու համար է կարգվում. Ուստի սորան էլ պէտք է որ մի բան ունենայ մատուցանելու։
  • 4Որովհետեւ եթէ երկրի վերայ լինէր, քահանայ չէր լինիլ, քանի որ կենում էին դեռ նորանք, որ օրէնքի պէս պատարագ էին մատուցանում.
  • 5Որոնք երկնաւոր բաների օրինակովը եւ շուքովն էին ծառայում, ինչպէս հրաման եղաւ Մովսէսին, որ խորանը շինելու էր, Մտիկ տուր, ասում է, որ ամեն բան անես այն օրինակի պէս, որ ցոյց տրուեցաւ քեզ սարումը։
  • 6Բայց հիմա Յիսուսն աւելի ազնիւ պաշտամունքի հասաւ, որքան որ ինքն աւելի լաւ ուխտի միջնորդ է, որ աւելի ազնիւ խոստմունքների վերայ օրինադրուեցաւ։
  • 7Որովհետեւ եթէ այն առաջինն առանց պակասութեան լինէր, էլ երկրորդին համար տեղ չէր որոնուիլ։
  • 8Վասնզի նորանց յանդիմանելով ասում է. Ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ ես նոր ուխտ կ’կատարեմ Իսրայէլի տան եւ Յուդայի տան հետ,
  • 9Ոչ թէ այն ուխտի պէս որ նորանց հայրերի հետ արի այն օրումն, որ նորանց ձեռիցը բռնեցի Եգիպտացիների երկրիցը հանելու համար. Որովհետեւ նորանք չ’մնացին իմ ուխտի մէջ, եւ ես էլ անփոյթ եղայ նորանց համար, ասում է Տէրն։
  • 10Որովհետեւ սա է այն ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. Ես կ’տամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կ’գրեմ նորանք. Եւ նորանց կ’լինիմ Աստուած, եւ նորանք կ’լինին ինձ ժողովուրդ։
  • 11Եւ նորանց ամեն մէկը չի սովորեցնիլ իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մէկն իր եղբօրը եւ ասիլ, Ճանաչիր Տիրոջը. Որովհետեւ ամենն էլ կ’ճանաչեն ինձ նորանց փոքրներիցը մինչեւ մեծը։
  • 12Որովհետեւ նորանց անօրէնութիւնները ներող կ’լինիմ, եւ նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւններն այլ եւս չեմ յիշիլ։
  • 13Նոր ասելով, այն առաջինը հնացրեց. Եւ այն որ հնանում է եւ ծերանում, մօտ է ապականութեան։
← Ցանկ