ԵԲՐԱՅԵՑԻՍ9
  • 1Իրաւ որ առաջի ուխտն էլ ունէր պաշտամունքի իրաւունքը՝ աշխարհական սրբարանը.
  • 2Որովհետեւ առաջի խորանն այսպէս պատրաստուեցաւ, նորանում էր աշտանակը եւ սեղանը եւ հացերի նուէրը, սա կոչվում էր սրբութիւն։
  • 3Իսկ երկրորդ վարագուրի ետեւը մի խորան կար որ Սրբութիւն սրբութեանց էր կոչվում.
  • 4Որ ունէր ոսկէ բուրվառը, եւ ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատած. Որ նորանում կար ոսկէ սափորը մանանայովը, եւ Ահարօնի գաւազանը որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները։
  • 5Եւ նորանից բարձր փառքի քերովբէները որ հովանի էին անում քաւութիւնի վերայ, որոնց համար պէտք չէ հիմա մանրամասն ասել։
  • 6Եւ այս բաներն այսպէս պատրաստուած լինելով, քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքները կատարելու։
  • 7Բայց երկրորդի մէջ մտնում էր քահանայապետը տարին մէկ անգամ, եւ ոչ առանց արիւնի, որ մատուցանում էր իրան համար եւ ժողովրդի սխալմունքների համար։
  • 8Սուրբ Հոգին նորանով ցոյց էր տալիս, որ դեռ սրբութիւնների ճանապարհը յայտնուած չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր,
  • 9Որ օրինակ էր այն յառաջիկայ ժամանակի համար, որ նորանում ընծաներ եւ զոհեր էին մատուցանվում, որ խղճմտանքի համեմատ չէին կարող կատարեալ անել պաշտօն մատուցանողին,
  • 10Միայն կերակուրներով եւ խմելիքներով եւ կերպ կերպ լուացմունքներով, եւ մարմնի արդարութիւններով, մինչեւ ուղղութեան ժամանակը թողուած։
  • 11Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ,
  • 12Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։
  • 13Որովհետեւ եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու համար,
  • 14Էլ ո՞րքան աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կ’սրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք։
  • 15Եւ սորա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբոր մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։
  • 16Որովհետեւ որտեղ որ կտակ կայ, հարկաւոր է որ կտակարարի մահը մէջ մտնէ.
  • 17Որովհետեւ կտակը մեռնելուց յետոյ է հաստատ. Որ նա երբէք զօրութիւն չ’ունենալ քանի որ կտակարարը կենդանի է։
  • 18Ուստի եւ առաջինն էլ առանց արիւնի չ’հաստատուեցաւ։
  • 19Վասնզի Մովսէսը երբոր օրէնքի ամեն պատուիրանքները պատմեց ժողովրդին, ցուլերի եւ նոխազների արիւնն առաւ ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ, եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վերայ սրսկեց,
  • 20Եւ ասեց Սա այն ուխտի արիւնն է, որ Աստուած նորան պատուիրեց ձեզ։
  • 21Եւ խորանի եւ պաշտամունքի բոլոր անօթների վերայ էլ արիւնը նոյնպէս սրսկեց։
  • 22Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։
  • 23Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. Բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։
  • 24Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։
  • 25Ոչ թէ որպէս զի շատ անգամ իր անձը շատ անգամ պատարագ մատուցանէ ինչպէս քահանայապետը, որ ամեն տարի մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։
  • 26Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը։
  • 27Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը.
  • 28Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։
← Ցանկ