ԵԲՐԱՅԵՑԻՍ10
  • 1Որովհետեւ օրէնքը գալու բարիքների շուքն ունենալով, եւ ոչ թէ այն բաների յատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցուած մի եւ նոյն պատարագներովը չէր կարող կատարեալ անել մատուցանողներին։
  • 2Ապա թէ ոչ՝ կ’դադարէին մատուցանելուց, որովհետեւ պաշտօն մատուցանողներն էլ մեղքի խղճմտանք չէին ունենալ՝ մէկ անգամ սրբուած լինելով։
  • 3Բայց նորանցով ամեն տարի մեղքերի յիշատակ էր լինում։
  • 4Վասնզի անկարելի է որ նոխազների եւ ցուլերի արիւնը մեղքեր վեր առնէ։
  • 5Նորա համար աշխարհք մտնելիս ասում է. Զոհ եւ պատարագ չ’կամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար.
  • 6Ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’հաճեցիր։
  • 7Այն ժամանակ ասեցի թէ Ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրուած է ինձ համար քո կամքն անելու, ով Աստուած։
  • 8Վերեւումն ասելով թէ զոհի եւ պատարագի եւ ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’կամեցար եւ չ’հաճեցիր նորանց, որոնք օրէնքի համեմատ մատուցանվում են.
  • 9Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստուած, առաջինը դէն է գցում որ երկրորդը հաստատէ։
  • 10Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը։
  • 11Եւ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտօն է կատարում. Եւ նոյն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբէք չեն կարող մեղքեր վեր առնել։
  • 12Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։
  • 13Եւ այսուհետեւ սպասում է մինչեւ որ իր բոլոր թշնամիներն իր ոտների պատուանդանը դրուին։
  • 14Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին։
  • 15Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը.
  • 16Թէ Սա է այն ուխտն որ կ’դնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կ’տամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կ’գրեմ նորանց։
  • 17Եւ ապա ասում է. Նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւնները էլ չեմ յիշիլ։
  • 18Բայց որ տեղ որ սորանց թողութիւնը կայ, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պէտք չէ։
  • 19Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը,
  • 20Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը,
  • 21Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ.
  • 22Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով.
  • 23Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. Որ հաւատարիմ է խոստացողը։
  • 24Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով.
  • 25Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։
  • 26Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում,
  • 27Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։
  • 28Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։
  • 29Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։
  • 30Որովհետեւ գիտենք նրան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը. Եւ դարձեալ, թէ Տէրը կ’դատէ իր ժողովրդին։
  • 31Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը։
  • 32Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։
  • 33Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։
  • 34Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։
  • 35Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։
  • 36Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք։
  • 37Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է՝ կ’գայ եւ չի ուշանալ։
  • 38Բայց արդարը հաւատքից կ’ապրի. Եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ։
  • 39Իսկ մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. Այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին։
← Ցանկ