ԵԲՐԱՅԵՑԻՍ11
  • 1Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է։
  • 2Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։
  • 3Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չ’երեւողներիցն այս տեսնուողներս եղած են։
  • 4Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. Որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։
  • 5Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չ’տեսնէ. Եւ չէր գտնվում. Որովհետեւ Աստուած փոխեց նորան. Որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։
  • 6Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։
  • 7Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։
  • 8Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. Եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։
  • 9Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին։
  • 10Որովհետեւ սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։
  • 11Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. Եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. Որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին։
  • 12Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։
  • 13Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. Եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։
  • 14Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։
  • 15Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։
  • 16Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. Եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. Որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։
  • 17Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. Եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր,
  • 18Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կ’կոչուի։
  • 19Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. Ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։
  • 20Հաւատքով Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին։
  • 21Հաւատքով Յակոբը մեռնելիս Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ։
  • 22Հաւատքով Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գնալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ։
  • 23Հաւատքով Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. Վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չ’վախեցին թագաւորի հրամանիցը։
  • 24Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չ’կամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։
  • 25Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ,
  • 26Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. Որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։
  • 27Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։
  • 28Հաւատքով արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. Որ առաջինեկներին սատակիչը չ’մօտենայ նորանց։
  • 29Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. Որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։
  • 30Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։
  • 31Հաւատքով Ռախաբ պոռնիկը չ’կորաւ անհաւատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով։
  • 32Եւ էլ ի՞նչ ասեմ. Որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար,
  • 33Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.
  • 34Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. Պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին.
  • 35Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. Ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.
  • 36Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.
  • 37Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.
  • 38Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։
  • 39Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չ’ընդունեցին.
  • 40Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չ’կատարուին։
← Ցանկ