ԵԲՐԱՅԵՑԻՍ6
- 1Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խօսքը թողելով դէպի կատարեալը գանք. Առանց կրկին հիմը դնելու մեռած գործերից ապաշխարութեան եւ Աստուծոյ հաւատալու համար.
- 2Եւ մկրտութիւնների ուսմունքի, եւ ձեռք դնելու, եւ մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի համար։
- 3Եւ սա անենք, եթէ Աստուած հրաման տայ։
- 4Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած,
- 5Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են,
- 6Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։
- 7Վասնզի այն երկիրը, որ իր վերայ շատ անգամ եկած անձրեւը խմէ, եւ շահաւոր արդիւնք բուսեցնէ նորանց համար, որոնց ձեռովն էլ մշակվում է, նա Աստուածանից օրհնութիւն կ’ընդունի։
- 8Բայց այն որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անէծքի մօտ. Եւ նորա վերջն այրուիլ է։
- 9Իսկ ձեզ համար, սիրելիներ, հաստատ յոյս ունինք լաւագոյն եւ փրկութեան վերաբերեալ բաների մասին։
- 10Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք։
- 11Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։
- 12Որ հիւանդամիտ չ’լինիք. Այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին։
- 13Որովհետեւ երբոր Աստուած խոստմունքը տուաւ Աբրահամին, այն պատճառով որ ուրիշ աւելի մեծը չ’ունէր՝ որ նորանով երդում անէր,
- 14Իր անձովն երդում արաւ եւ ասեց. Այո, օրհնելով կ’օրհնեմ քեզ, եւ շատացնելով կ’շատացնեմ քեզ։
- 15Եւ այսպէս երկայնամիտ լինելով, հասաւ խոստմունքին։
- 16Իրաւի մարդիկ աւելի մեծովն են երդում անում, եւ նորանց բոլոր հակառակութեան վճիռը բանը հաստատելու համար՝ երդումն է։
- 17Որով Աստուած առաւել եւս կամենալով խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ.
- 18Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք մեր առջեւը դրած յոյսը բռնելու.
- 19Որ հաստատ եւ անշարժ խարիսխի պէս ունինք մեր անձի համար. որ եւ մտնում է վարագուրի ներսի կողմն էլ,
- 20Ուր որ մեզ համար Առաջնորդ մտաւ Յիսուսը, Մելքիսեդեկի կարգի պէս յաւիտենական Քահանայապետ եղած։